Սեպ 28, 2016
Եկամտային հարկի սանդղակը էապես վերանայվել է. այսօր հերթական անգամ քննարկվել է Հարկային նոր օրենսգիրքը:
Այսօր Կառավարության արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի քննարկման շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտարարել է, որ օրենսգրքի նոր լրամշակված տարբերակում եկամտային հարկի սանդղակը էապես վերանայվել է, և նույնիսկ շուրջ 550 հազար քաղաքացիների հնարավորություն է տրվել տնտեսումներ անել այդ մասով:
Մասնավորապես, նրա խոսքով նախատեսվում է եկամտային հարկի 23 տոկոս դրույքաչափը կիրառել մինչև 150 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում ներկայացված մինչև 120 հազար դրամ աշխատավարձի փոխարեն:
Երկրորդ դրույքաչափը 28 տոկոս է, որով հարկվելու են 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ աշխատավարձերը՝ նախկինում ներկայացված 120 հազար դրամից մինչև 1 մլն դրամ աշխատավարձերի փոխարեն:
Իսկ 2 մլն դրամից ավել աշխատավարձերի դեպքում գործելու է ներկայիս գործող դրույքաչափը՝ 36 տոկոս: